ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հինգշաբթի քննարկել են Սիրիայում, Իրաքում, Եմենում, Պարսից ծոցում տիրող իրավիճակը եւ մերձավորարեւելյան կարգավորումը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«ՌԴ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում առավել  կարեւոր իրադարձությունների շուրջ։ Հիմնական շեշտադրումն արվել է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի եւ Պարսից ծոցի գոտում խնդիրների ու պաղեստինա–իսրայելյան կարգավորման վրա։

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է արագ հաղթահարել ճգնաժամային վիճակները խաղաղ, քաղաքական միջոցներով լայն ազգային երկխոսության հիման վրա՝ ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքին համապատասխան։ Այս ենթատեքստում թագավոր Սալմանը դրական է գնահատել Աստանայի ձեւաչափով ձեռնարկվող ջանքերը»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։