Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Շեֆերին նշանակման կապակցությամբ: Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարեւորագույն առաքելության իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն եւ ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով: