Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ քսանութ երկրներից դեսպաններ եւ կոմիտեի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն է՝ քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի լույսի ներքո, տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաեւ անդրադառնալ Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական եւ անվտանգության խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ կարեւորել նման ձեւաչափով հանդիպումներն ու քննարկումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:

Նշելով, որ ընդամենը երեք օր առաջ Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ դրանից մեկ օր առաջ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Սվիտալսկիի մասնակցությամբ բացվեց ԵՄ օժանդակությամբ կառուցված Հայաստանի հյուսիսային սահմանների արդիականացված վերջին անցակետը, որը բարեփոխումների հերթական փուլի ավարտն էր ՀՀ մաքսային համակարգում, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ շփումների այսպիսի ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ ԵՄ-ն ՀՀ արտաքին հարաբերություններում ունի կարեւոր դերակատարում:

ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մեծ կարեւորություն է տալիս Արեւելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին եւ ուրախ է, որ Հայաստանը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ միանգամայն հնարավոր է ԵՄ-ի հետ կնքել համաձայնագիր եւ զարգացնել փոխգործակցություն՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա շեշտել է, որ ԵՄ կողմից Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունն ուղղված չէ որեւէ մեկի դեմ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Վալտեր Սթիվենսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

Կոմիտեի նախագահը նշել է նաեւ, որ ԵՄ-ն հետաքրքրված է եւ աջակցում է Հայաստանում բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումների շարունակականությանը, կարեւորում է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել արդյունավետ կառավարման իրականացումը, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Վալտեր Սթիվենսը հանդիպման ժամանակ նաեւ երախտագիտություն է հայտնել սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստանում 20 հազարից ավելի սիրիացի փախստականների ապաստան տալու համար: