Գործարար Արսեն Փափազյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ ունի: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Ըստ նրա՝ Արսեն Փափազյանը Վորոնեժի մարզի տարածաշրջանային բաժանմունքի լավագույն նախագահներից էր եւ 10 տարի առաջ նրա հեռանալուց հետո գրեթե 3 ղեկավար է փոխվել, սակայն լիրաժեք փոխարինել Փափազյանին այդպես էլ չի հաջողվել:

«Ես նրան լիարժեք փոխարինող չգտա: Դեռ չեմ տեսնում: Այն, ինչ նա անում էր Ռուսաստանի հայերի օգտին, շատ քչերն են արել: Նա շատ բարի եւ առատաձեռն մարդ էր: Նա միշտ օգնել է այն մարդկանց, ովքեր դժբախտության մեջ էին: Նա իսկական հայ էր», - ասել է Անանյանցը:

Նա նաեւ մեկնաբանել է 2006-ին Ռուսաստանում նրան ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մերժումը: Փափազյանը ժամանակին Վորոնեժում շինարարական աշխատանքների մրցույթում հաղթել է, սակայն նրա մրցակիցը, ով նաեւ հետաքրքրված էր այդ գործում, Վորոնեժի մարզի Դաշնային անվտանգության ծառայության պետի որդին էր: «Նա սկսեց ճնշել Արսենին, ազգության պատճառով ճնշում էր ինչպես կարող էր »,-ասել է Անանյանցը՝ հավելելով, որ Փափազյանը ստիպված է եղել մեկնել Ուկրաինա:

Ըստ Անանյանցի՝ Փափազյանին փորձել են օգնել, բայց ոչինչ չի ստացվել:

Հիշեցնենք, որ գործարար Արսեն Փափազյանը Մոսկվայում սպանվել է: Ժամը 15:30-ին անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա տան մոտ՝ Մյասնիկյան 22 հասցեում: