Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածուներ ունի գրեթե բոլոր համայնքներում, իսկ որոշ համայնքներում հանրապետականները պայքարելու են իրար դեմ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ են կատարել նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին հանրապետական թեկնածուներին։ «ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ։ Ութ համայնքներում կլինի ազատ դաշտ, մեր թեկնածուները ազատ կմրցակցեն իրար հետ։ Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից առաջադրվել են համայնքապետերի թեկնածուներ միայն ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից։ Այն իմաստով, որ աստիճանաբար ընդդիմադիր կուսակցություններ են ավելանում, եւ անհասկանալի է, որ հավակնություններ ունեցող ուժերը ինչպես են առանց ՏԻՄ-ին պատրաստվելու պատրաստվում դերակատարում ունենալ»,- նշել է Շարմազանովը։ Նա պարզաբանել է, որ ընդդիմադիր ուժերից առաջադրվել են ավագանու անդամ, խոսքը համայնքապետրի պաշտոնի մասին էր։ «Շատերը մարզային եւ տարածքային կառույցներում ունեն անելիքներ»,- ասել է նա։

Խոսելով ՏԻՄ ընտրությունների ակնկալիքների մասին՝ Շարմազանովն ասել է. «Մենք պետք է աշխատենք պահպանել մեր դիրքերը, եւ հնարավորության դեպքում ավելացնել վստահությունը հանրության մոտ»։

Նա նշել է, որ ԳՄ նիստում քննարկել են աշնանային նստաշրջանի ընթացքը։ Եւ քվեարկությունները, եւ խմբակցության աշխատանքը դրական է գնահատում կուսակցության գործադիր մարմինը։