Առաջին տեսանյութն է հայտնվել Մոսկվայում գործարար Արսեն Փափազյանի սպանության վայրից, հաղորդում է Life-ը: Մարդասպանը Փափազյանի ուղղությամբ չորս փամփուշտ է արձակել  եւ հանցագործության վայրից փախուստի դիմել: Տուժածը շտապ հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկները չեն կարողացել նրան օգնել: Գործարարը մահացել է մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:

Լրատվամիջոցցները, իրավապահ մարմինների իրենց աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացնում են, որ սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցն ասել է, որ Փափազյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ ունի: Նա պատմել է, որ Փափազյանը ժամանակին Վորոնեժում շինարարական աշխատանքների մրցույթում հաղթել է, սակայն նրա մրցակիցը, ով  նաեւ հետաքրքրված էր այդ գործում, Վորոնեժի մարզի Դաշնային անվտանգության ծառայության պետի որդին էր: «Նա սկսեց ճնշել Արսենին, ազգության պատճառով ճնշում էր ինչպես կարող էր »,-ասել է  Անանյանցը՝ հավելելով, որ Փափազյանը ստիպված է եղել մեկնել Ուկրաինա: