Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող հայտարարությամբ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ագրեսիա է Ադրբեջանի դեմ, իսկ Ուկրաինան շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

«Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող եւ անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է ՄԻնսկի խմբի համանախագահող երկրների հայտարարություններին, սկզբունքներին։ Խնդիրը պետք է լուծել ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության ճանապարհով։

Ինչ վերաբերում է ագրեսիային, ապա պարոն նախարարը փոքր-ինչ շփոթվել է, ագրեսիա եղել է, եւ այդ ագրեսորը Ադրբեջանն է»,- ասել է Շարմազանովը։

«Անընդունելի եմ համարում Ուկրաինայի ԱԳ նախարարի մի հայտարարությունը, որը դեմ է անգամ Եվրամիության դիրքորոշմանը։ Միայն Ադրբեջանին դուր գալու համար անել միջազգային իրավունքից չբխող հայտարարություն, ճիշտ չէ, շահեկան չէ»,- նշել է նա։