«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի բնակիչները ծանր կացության մեջ են հայտնվել: Նրանք այս տարի չեն կարողացել եկամուտ ստանալ: Համայնքի բնակիչների մեծ մասն այսօր կանգնել է վարկերը մարելու խնդրի առաջ:

Այս տարի Ամբերդում 80%–ով կարկուտից վնասներ են կրել: Այգիներն ու ցանքատարածություններն ավերվել են:

«Ամբողջ գյուղը վարկ էր վերցրել ու բանջարեղեն մշակել: Արդեն լոբին վաճառում էինք, որ կարկուտ եկավ ու բույսը ջարդեց»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նեղսրտեցին ամբերդցիները:

Վանիկ Խաչատրյանի մեկ հեկտար այգին հունիսին կարկտահարվել էր՝ ընտանիքին զրկելով ապրուստի միակ միջոցից: Արդեն երկրորդ տարին է նա եկամուտ չի ստացել: Այսօր ցանկանում է այգին կարկուտից պաշտպանել՝ այն ցանցապատելով, բայց տարակուսում է:

«Վարկեր են տալիս, բայց վախենում եմ վերցնել, քանի որ մտավախում եմ էլի եկամուտ չստանամ ու բանկի «սեւ» ցուցակում հայտնվեմ»,– նկատեց նա:

Կարկտահարությունից հետո Ամբերդում միայն 20 հեկտար տարածքում են երկրորդ ցանքս կատարել, այդ բերքով էլ հնարավոր չէ հարկերը վճարել: Ամբերդում արդեն իսկ բազմաթիվ վարկառուներ «սեւ» ցուցակում են հայտնվել: Նրանք վերցրած վարկը չեն կարողացել մարել:

«Վարկի մայր գումարը չեն կարողացել մարել ու բանկի հետ խնդիրներ ունեն: Անցյալ տարի նույնպես կարկուտ եկավ ու մարդիկ պարտքի տակ մնացին»,– նշեց նա:

Նախորդ տարի կարկուտը կրկին ամբերդցիներին առանց բերք էր թողել: Դիմել էին կառավարություն, որպեսզի պետությունը թեթեւացնի ամբերդցիների հոգսը՝ հարկերը սառեցնելով: Այս տարի կառավարությունը որոշել է աջակցել երկրորդ տարին առանց ապրուստի միջոցի մնացած ամբերդցուն՝ հողի հարկն ու ջրի վարձը զեղչելով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում