«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամեր առաջ Հանրապետական մարզադաշտում կրել է իր պատմության խոշոր պարտություններից մեկը, աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում 6:1 հաշվով պարտվելով Լեհաստանի հավաքականին: Ընդ որում, այդ պարտությունն ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հերթական պարտությունն է եւ դրանից արդեն մի քանի տուր առաջ մեր հավաքականը կորցրել էր մրցաշարային հաջողության հույսը:

Անհրաժեշտ է հերթական անգամ եւ մեկընդմիշտ արձանագրել, որ հայկական ֆուտբոլի եւ հետեւաբար հավաքականի ներկայիս վիճակը ամենեւին ֆուտբոլիստների խնդիրը չէ:

Հայկական ֆուտբոլում հարցը ֆուտբոլիստների նվիրումն ու պատվախնդրությունը չէ: Մինչ դրան հասնելը, կա պարզապես վարպետ ֆուտբոլիստների խնդիր: Իսկ այդ խնդիրը համընդհանուր համակարգային ֆուտբոլային խնդիր է, որն էլ իր հերթին գալիս է թերեւս լճացումից, որ կա հայկական ֆուտբոլում: Եվ ոչ միայն հայկական ֆուտբոլում, հայաստանյան կյանքում ընդհանրապես: Լճացումը այն անփոխարինելիության, հավերժական առաջնորդության մարմաջն է, որ կա օրինակ քաղաքականությունում, կամ ֆուտբոլում, կամ արվեստում, մշակույթում, կա ամենուր: Հայաստանն ունի մրցունակության գլոբալ խնդիր, որովհետեւ Հայաստանն ինքն իր ներսում չի կարողանում կամ չի ցանկանում լուծել մրցակցայնության խնդիրը:

Մինչեւ Հայաստանի տարբեր ոլորտներում, այդ թվում ֆուտբոլում չձեւավորվի մրցակցային միջավայր՝ ընդ որում առաջին հերթին սկսած հենց կառավարման իրավունքի, կառավարման կարգավիճակի հարցից, Հայաստանը որեւէ ոլորտում չի կարող բարձրանալ համաշխարհային մրցունակության աստիճանի եւ առավելագույնը, որ կարող է լինել, դա այդ աստիճան հասած անհատներն են կամ կոլեկտիվ հաջողության հազվադեպ, բացառիկ օրինակները: Եվ այս իմաստով, նախօրեին Հանրապետական մարզադաշտի լուսատախտակին արձանագրված հաշվի տողատակում գործնականում հայկական ֆուտբոլի լճացած պատկերն էր, երբ ֆուտբոլի ֆեդերացիան օրինակ 2002 թվականից ի վեր կարող է ղեկավարել միեւնույն անձը:

Ընդ որում կարեւոր չէ անգամ, թե ով է այդ անձը, մեծ հաշվով, որովհետեւ եթե մի մարդը կարող է մրցակցությունից դուրս լինել, իսկ ավելի շուտ կարող է վեր լինել մրցակցությունից, եթե կարող է չլինել ֆուտբոլի կառավարման մրցակցային համակարգ, ապա միեւնույն է արդեն, թե ով է տվյալ անձ, ֆուտբոլի համար հետեւանքը լինելու է նույնը:

Եվ այս հանգամանքը հատկապես խորհրդանշական է դառնում այժմ, երբ Հայաստանում դրված է 2018-ի խնդիրը եւ այսպես ասած կառավարման համակարգի մակարդակում այն գործնականում դիտարկվում է այնպես, ինչպես ֆուտբոլում: Պարզապես, եթե ֆուտբոլում այդ անձը Ռուբեն Հայրապետյանն է, ապա 2018-ում՝ Սերժ Սարգսյանը: Կա՞ կասկած, որ անփոխարինելիության ու լճացման այս իրավիճակում, երբ չկա մրցակցություն, 2018-ից հետո հաշիվը լինելու է նույնը, պարզապես Հայաստանի հավաքականի փոխարեն արդեն Հայաստանի Հանրապետության մասշտաբով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում