Եթե Արտաշես Գեղամյանի խուլիգանական պահվածքը մարտահրավեր էր «Ելք» դաշինքին եւ նրա պատգամավորներին, ապա արձանագրեք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին եւ եւ «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Փաշինյանի խոսքով, ինքը երեկվա միջադեպի հարցով ծանուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, սակայն այդպես էլ համարժեք գնահատական չի ստացել. «Ես ծանուցել եմ Ա. Գեղամյանի խուլիգանական պահվածքի մասին, եւ մինչեւ օրս ՀՀԿ-ի կողմից որեւէ համարժեք արձագանք չեմ ստացել, ինչը կարող է նշանակել, որ Հայաստանի կյանքում նոր շրջափուլի մեկնարկ է: Եթե սա մարտահրավեր էր ԵԼՔ դաշինքին եւ նրա պատգամավորներին, ապա արձանագրեք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա եւ արժանի հակահարված ստացել: Արտաշես Գեղամյանը սկզբում հերքում էր, որ տեղի է ունեցել նման բան, սակայն ավելի ուշ նշել էր, որ նման բան եղել է, սակայն դա չի կարելի բախում կոչել: