Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի: Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։

Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար։ Նախարարը անդրադարձել է նաեւ «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։

Գործարարների խոսքով՝  հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։

Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն եւ ժամանցային ծառայություններ։