Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին եւ  արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին ուղղված կոչ է հղել:

Նրանք պաշտոնյաներին կոչ են անում հանդես գալ հանրային դիրքորոշմամբ եւ ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագիծը՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ այդ նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման տեսանկյունից։

«Ինչպես նաեւ, հերքել այն բոլոր հանրային գիտակցոության մեջ վախ եւ անվստահություն առաջացնող թեզերը, որոնք աղերսներ չունեն այս նախագծի հետ»,-ասված է կոալիցիայի տարածած կոչում:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան գտնում է, որ հանրային իրազեկման եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրական ու ճշմարտացի տեղեկատվություն տալը բխում է պետության պարտավորություններից եւ այն հենց այս պահին պետք է անհապաղ իրագործել։

«Հակառակ դեպքում հանրային տարբեր խմբերում տարածվում է տգետ ապատեղեկատվություն, ինչն առավել խոցելի է  դարձնում օրենքի ընդունման հեռանկարը»,-ասված է տարածած հայտարարության մեջ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ են

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն,  «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն,

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք»  ՀԿ-ն,  «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն.

«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ-ն,  «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն. 

«Ագաթ» ՀԿ-ն:

Նշենք, որ երեկ կառավարության նիստի ավարտից հետո Դավիթ Հարությունյանը խոսեց նախագծի մասին՝ նշելով, որ կնոջը կամ երեխային ծեծելը հայկական ավանդույթ չէ: