Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն է ստացել:

Հայաստանի համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական:

Մեծ տղան՝  Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից:

«Հայաստան» համահայկական  Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։

Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։