Ոստիկանությունը պարզել է, թե ով է եղել Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսացողը:

Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հոկտեմբերի 4-ին լրատվական կայքերից մեկում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 45-ամյա Յ. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն»:

Նշենք, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարվածներից մեկը Շենավան համայնքի ղեկավար 37-ամյա Արթուր Մկրտչյանն է: Նա NEWS.am-ին հայտնել է, որ ինքը չի որսացել, այլ միայն նկարվել է:

Հատկանշական է, որ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պարզվել է լուսանկարներում երեւացող երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Աարթուր Մկրտչյան եւ Յ. Պողոսյան:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաեւ Հայաստանի Կարմիր գրքում:

Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաեւ կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: