ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն այսօր` հոկտեմբերի 6-ին, հետաձգվեց. ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը դատարան չէր ներկայացվել:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորը հայտարարեց, որ ՔԿՎ-ից արձանագրություն է ստացվել, որ այսօր առավոտյան Շիրխանյանը հրաժարվել է գալ նիստի` պատճառաբանելով, որ ի վիճակի չէ: Ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, Շիրխանյանի համար դժվար է մեքենայով թեկուզ այսքան ճանապարհ գալը:

Այնուհետեւ Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը կրկին հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալներ Արթուր Վարդանյանին եւ Հայր Անտոնին պաշտպանում են միեւնույն փաստաբանները:

«Նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան, չի կարող երկու հակառակ կողմերի պաշտպանել միեւնույն պաշտպանները: Հենց նրանց զրույցը թույլ չտալու համար նրանց արանքում ոստիկան է նստած, մինչդեռ պաշտպանները նույն անձինք են»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

Մինչեւ նիստը հետաձգելը` ամբաստանյալներից Հարություն Սարիբեկյանը հայտնեց, որ երեկվանից հացադուլ է հայտարարել:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 13-ին: