Մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երեւանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում «Ելք»-ի 7 պատգամավորներն իրենց փաստակներով ջախջախել են քաղաքական մեծամասնության70 հոգուն:

Շարմազանովը նկատեց, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Ելք»-ը ակտիվ մասնակցություն չունի. «Եեթե «Ելք»-ում այդքան վստահ են իրենց ուժերին, կարող են մասնակցել: Բայց որքան ես եմ տեղյակ, դեռեւս ձեր նշած դաշինքի ներկայացուցիչները որեւէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Եթե մի քաղաքական ուժ ցանկանում է ջախջախիչ հաջողության հասնել, չի կարող դրան հասնել՝ չմասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»: