ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված նախօրեին խորհրդարանում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Հաղորդագրությունում ասվում է.

«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված` եւս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ խմբակցությունը խիստ բացասաբար եւ քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձեւաչափի:

Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձեւով հարաբերություններ պարզելը, պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան եւ բացառվեն նման երեւույթները:

Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները եւ վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա եւ արժանի հակահարված ստացել: Արտաշես Գեղամյանը սկզբում հերքում էր, որ տեղի է ունեցել նման բան, սակայն ավելի ուշ նշել էր, որ նման բան եղել է, սակայն դա չի կարելի բախում կոչել: