Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը` գլխավորությամբ Իրանի Իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպության միջազգային գծով տեղակալ պրն. Աբբաս Խամեյարի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, ո Աբբաս Խամեյարը Նորին Սրբությանը ներկայացրեց դեսպանատան մշակույթի նորանշանակ տնօրեն Խեյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց իր առաքելությունն ավարտող տնօրեն Մաջիդ Մեշքին` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրության, իր պաշտոնավարման ընթացքում Մայր Աթոռի հետ ունեցած արդյունավետ համագործակցության ու ջերմ կապերի համար:

Նորին Սրբությունը գուհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում արձանագրված սերտ համագործակցությանը: Գարեգին Բ Հայրապետը մասնավորապես խոսեց մշակույթի կենտրոնի հետ Մայր Աթոռի սերտ կապերի եւ համատեղ իրականացրած միջոցառումների մասին` այդ կապակցությամբ իր գնահատանքը փոխանցելով պրն. Մեշքիին եւ հույս հայտնելով, որ գործակցությունը մշակույթի կենտրոնի հետ կշարունակվի:

Զրույցի ընթացքում կարեւորվեց մշակույթների եւ կրոնների միջեւ երկխոսության խթանումը, ինչը նպաստում է ժողովուրդների փոխճանաչողությանը եւ համերաշխության, հանդուրժողականության ու խաղաղ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Զրուցակիցները հաստատեցին, որ կրոնները խաղաղասիրական առաքելություն ունեն` դատապարտելի նկատելով ծայրահեղական ուժերի կողմից կրոնի շահարկումները եւ կրոնական քողի ներքո աշխարհում տեղ գտնող բռնություններն ու ահաբեկչությունները:

Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց Մայր Աթոռի պատրաստակամությունը` շարունակելու սատարել կրոնական երկխոսությանը եւ ակտիվ մասնակցություն բերել այդ գործընթացում:

Պրն. Աբբաս Խամեյարը, իբրեւ կրոնական համայնքների համերաշխ կեցության օրինակ, նկատեց հայկական համայնքների առկայությունը Իրանում: Այս առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց ԻԻՀ իշխանություններին հայկական համայնքների եւ հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ դրսեւորվող հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրենին մաղթեց արգասաբեր գործունեություն  Հայաստանում:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: