Այն մտահոգությունները, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի կազմաքանդել հայկական ընտանիքները, երեխաներին խլել ծնողներից, իրականում չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «Մեկնարկել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քվեարկությունը. գնահատականներ նախագծին» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը։

Նրա խոսքով, նախագիծը նպատակ չունի կարգավորել ընտանեկան հարաբերությունները. «Նախագծի առջեւ դրված նպատակներն են ընտանեկան բռնության կանխարգելումը, ընտանեկան բռնության անձանց պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության ենթարկվածներ անձանց աջակցությունը»:

Գոհար Հակոբյանը նաեւ ընդգծեց, որ նոր օրենքի նախագիծը այնպիսի պաշտպանության մեխանիզմ է նախատեսում, որը նորություն է մեր իրավական համակարգի համար։ «Օրինակ, անհետաձգելի միջամտություն եւ պաշտպանությունը, որի պարագայում մի դեպքում՝ ոստիկանության ծառայողը, մյուս դեպքում անձի դիմումի հիման վրա դատարանը կարող են որոշակի սահմանափակումներ կիրառել ընտանեկան բռնություն գործադրող անձի նկատմամբ, որպեսզի կանխարգելվեն այնպիսի դեպքերը, որոնք հնարավոր կլինեին կանխարգելել նախկինում, եթե պաշտպանական այսպիսի մեխանիզմ գործեր»:

Նրա խոսքով, սահմանափակումները տարբեր կարող են լինել, օրինակ, բռնություն իրականացնող անձին կարող է հրահանգ տրվել լքել բռնության ենթարկված անձի բնակության վայրը, անգամ եթե դա սեփականությամբ իրեն է պատկանում կամ անմիջապես հանձնել իր տիրաապետության տակ եղած զենքը, չկապվել բռնության ենթարկված անձի հետ հեռախոսակապով կամ որեւէ այլ միջոցով, չմոտենալ 100 մետր շառավղով։ Իսկ այս որոշումները չկատարելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվությունից մինչեւ քրեական պատասխանատվություն»,-նշեց նա։

Հարցին, թե ինչպես է կարգավորվում կացարանների հարցը, Հակոբյանը պատասխանեց, որ նախագիծը նախատեսում է նաեւ կացարանների հիմնում պետության հաշվին կամ գործող ապսատարանների ֆինանսական օժանդակություն։

Իր խոսքի վերջում նա նշեց, որ օրենքի գոյությունը դեռեւս չի ենթադրում արդյունավետ կիրառում։ Ուստի նախարարության կողմից վերապատրաստումների պարտականություն ոլորտի հետ առնչվող ոլորտներում, որ բարձրացվի  գենդերային զգայնությունը։ Սակայն, օրենքի արդյունավետ կիրառման համար պետք է հանրության եւ պետական համակարգի համագործակցությունը, քանի որ ոստիկանները ամեն օր չեն կարող գնալ ամեն ընտանիք եւ տեսնել այնտեղ ինչ է կատարվում։