Մադագասկարում ավելի քան 230 մարդ վարակվել է ժանտախտով, 33 մարդ մահացել է հիվանդությունից, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս տեղաշարժի սահմանափակումներ մտցնել։ Այս մասին ճեպազրույցի ժամնանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Տարիկ Յազարեւիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ըստ Մադագասկարի առողջապահության նախարարության տվյալների՝ ժանտախտով վարակվել է 231 մարդ, 33-ը՝ մահացել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն Մադագասկար է ուղարկել 1,2 միլիոն պատվաստանյութ, որը բավարար կլինի 5 հազար հիվանդի բուժելու եւ 100 հազար մարդու պաշտպանության համար։  Յազարեւիչն ընդգծել է, որ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս Մադագասկարում տեղաշարժման սահմանափակումներ մտցնել։

ԱՀԿ-ն նշում է, որ իրավիճակը Մադագասկարում բարդանում է նրանով, որ հիվանդության գրանցված դեպքերի կեսը հանդիսանում է ժանտախտի ամենավտանգավոր տեսակներից մեկը՝ թոքային ժանտախտը, որից մարդիկ մահանում են, եթե մի քանի օրվա ընթացքում բուժում չստանան։

Բացի այդ, ի տարբերություն այտուցային ժանտախտի, որը տարածվում է առնետների եւ ճանճերի միջոցով,  թոքային ժանտախտը մարդուց մարդ է փոխանցվում հազի միջոցով։ Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ն ընդգծում է, որ ժանտախտը բուժվում է, եթե այն հայտնաբերվում է ժամանակին։