ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Հայ մամուլի» կրպակից քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երեւան քաղաքի Իսահակյան 38/4 հասցեում գործող «Հայ մամուլի» կրպակի դռան բաց լինելու հանգամանքից, տեսնելով, որ ներսում մարդ չկա, գաղտնի հափշտակել է քաղաքացու՝ կրպակի սառնարանի վրա դրված  պայուսակը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են կրպակի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում կրպակին, այնուհետեւ՝ պայուսակը ձեռքին հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

«Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: