Հանդես գալով ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծով, պետությունը քաղաքական կամք դրսեւորեց ընտանեկան բռնության օրենսդրության վերաբերյալ։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «Մեկնարկել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քվեարկությունը. գնահատականներ նախագծին» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ թեեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ չընդգրկվեցին օրենքի նախագծի մշակման համար, սակայն որոշ առաջարկներ տեղ են գտել նախագծում։

«Սակայն հասարակության մեջ  կա մի խավ, որը լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս նախագծին։ Դա մշակութային դիմադրություն է, այսինքն մարդիկ են, որոնք մտածում են, որ ընտանիքը իրենց սեփականությունն է եւ այնտեղ կարող են անել, ինչ ցանկանան: Արդյունքում ունենք դաժան խոշտանգումների ու սպանությունների դեպքեր»,-մտահոգություն հայտնեց Զառա Հովհաննիսյանը, ավելացնելով, որ թեեւ նախագծում չկա դրույթ, որով կնախատեսվեր ընտանեկան բռնության քրեականացում, սակայն սա կարող է հիմք լինել հետագայում այն քրեականացնելու համար։

Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամ Անահիտ Սիմոնյանն էլ կարծիք հայտնեց, որ վրացական փորձը պետք է կիրառվի նաեւ Հայաստանում։ «Վրաստանում նման օրենքի շրջանակներում ընտանեկան բռնությունը քրեականացվել է, մատուցվող ծառայությունները բարելավվել են,  իրավիճակը շատ ավելի բարվոք է։ Իսկ այն շահարկումները, թե սա Եվրոպայից, Ամերիկայից եկած բաներ են, անընդունելի են։ Բավական է ձեւացնենք, թե այս խնդիրը մեր մոտ չկա»,-շեշտեց նա։

Օրենքի ընդունմանը հաջորդող շրջանում բանախոսը կարեւոր համարեց շեշտադրումները եւ լրատվամիջոցների կողմից լուսաաբանումը, ինչպես նաեւ հաջորդող դատական գործընթացները, որոնք ցույց կտան, թե ինչքանով է համակարգը պատրաստ ընտանեկան բռնությունը իր ամբողջ համակարգով ընկալելուն։ «Իսկ իրազեկման գործընթացը պետություն պետք է պարտավորվի իրականացնել, քանի որ եթե օրենքը լինի, սակայն մարդիկ տեղյակ չլինեն մեխանիզմների եւ ընթացակարգերի մասին, ապա դա հստակ ազդելու է դիմելիության վրա»,-իր խոսքի վերջում նշեց նա։