ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ այդ երկրների քաղաքական գործիչների հետ: Պատգամավորը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ շփումներից: Նա նաեւ մասնակցել է Բրյուսելում կազմակերպված գիտաժողովին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին Օ-դը-Սեն նահանգի վարչական շենքում արցախցի խորհրդարանականին ընդունել է նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Պատգամավորը խոսել է Արցախի վիճակի, խորհրդարանական կապերի եւ Արցախի ու Ֆրանսիայի տարբեր համայնքների միջեւ առկա ապակենտրոնացված համագործակցության մասին: Նահանգապետը ներկայացրել է Օ-դը-Սենի եւ այլ երկրների շրջանների միջեւ առկա համագործակցությունը եւ տարբեր երկրներում իրականացրած զարգացման հաջողված ծրագրերը:

Սեպտեմբերի 25-ին Հայկ Խանումյանը Վալանսում հանդիպել է Դրոմի նահանգապետ Մարի-Պիեռ Մուտոյին:

Շնորհավորելով տիկին Մուտոյին նահանգի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝  խորհրդարանականը հույս է հայտնել, որ նախկինում հաստատված հարաբերությունները ապագայում եւս զարգացում կարձանագրեն: Կողմերը մտքեր են փոխանակել Դրոմի եւ Արցախի միջեւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նահանգապետը կարեւորել է փոխգործակցության շուրջ Արցախից եկող գաղափարներն ու առաջարկները:

Սեպտեմբերի 26-ին Լիոնում Հայկ Խանումյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիելա Կազարյանի հետ: Պատգամավորները մտքեր են փոխանակել Արցախ-Ֆրանսիա խորհրդարանական համագործակցության մասին, կարեւորել Ֆրանսիա-Արցախ եւ Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակների գործունեությունը եւ դրանցում նոր պատգամավորների ներգրավումը:

Սեպտեմբերի 28-ին Բունդեսթագում տեղի է ունեցել Հայկ Խանումյանի եւ Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գաբրիելա Հենրիխի հանդիպումը, որին ներկա էր նաեւ Նյուրնբերգի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Միքայելյանը: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված զարգացումները եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումները:

Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը հանդես է եկել  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպված քրդական հարցին վերաբերող քննարկումների մասին տեղեկատվությամբ: Պատգամավորը խոսել է Իրաքյան Քրդստանում վերջերս կայացած հանրաքվեի եւ տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցության, ինչպես նաեւ այս հարցի վերաբերյալ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներին՝ հղումներ անելով երեւանյան քնարկումների ժամանակ մի շարք քաղաքագետների ու փորձագետների ներայացրած տեսակետներին: