Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է եւ պատրաստ ենք տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչ Դեզիրը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը եւ անդրադարձել   Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարծիք արտահայտելու ազատության եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի համար առավել շատ սահմանված երաշխիքներին:

Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների եւ լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարեւորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների եւ լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է եւ ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին  ԵԱՀԿ կողմից տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանն ուղղված փորձագիտական կարծիք ու խորհրդատվություն ստանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել: