Օտար լեզուների հայեցակարգերը հնարավորություն կտան ավելի ճկուն համագործակցել միջազգային կառույցների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Բրիտանական խորհրդի  (ԲԽ) տարածաշրջանային տնօրեն Շիլա Լումսդենի եւ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը շնորհավորել է հյուրերին՝  Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ եւ նշել, որ  խորհուրդը մեր երկրում ծավալում է կարեւոր գործունեություն, որտեղ  կրթության ոլորտի համագործակցությանը կարեւոր տեղ է հատկացված: Լեւոն Մկրտչյանը, մասնավորապես, ընդգծել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը եւ ուսուցման որակի ապահովմանն ուղղված Բրիտանական խորհրդի աջակցությունը:

Նախարար Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները, անդրադարձել է օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման հայեցակարգերին, որոնք հիմա ամփոփման փուլում են:

Նրա խոսքով, հայեցակարգերը նաեւ հնարավորություն կընձեռեն  միջազգային կառույցների հետ առավել ճկուն համագործակցության համար՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:

Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` անդրադարձել է Հայաստանում խորհրդի հետագա գործունեության հետ կապված ծրագրային եւ կազմակերպչական մի շարք հարցերի: Լումսդենը  պատրաստակամություն է հայտնել  ամրապնդել եւ ընդլայնել աջակցությունը մեր երկրում իրականացվող ծրագրերին:

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ  կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը պարգեւատրվել է նախարարության բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե հուշամեդալով»: