2017-ի առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին  եւ  հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները եւ ներդրումային ծրագրերը:

Կարեն Կարապետյանը կարեւորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն եւ ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը:  Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին եւ առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ քաղաքային կառավարման եւ զարգացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: