Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում ՀՀ-ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորում ստեղծելու եւ ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող զինտեխնիկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագրերը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության շահերից: Այդ համաձայնագրի կյանքի կոչումը հնարավորություն կտա Ռուսաստանին ՀՀ-ին ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների եւ տարածաշրջանի պետությունների հետ ունեցած իր կոնֆլիկտների մեջ: Այս կերպ Ռուսաստանը նաեւ հնարավորություն է ստանում տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի առաջացման դեպքում ռազմական գործողություններ սկսել ՀՀ տարածքից, ինչը ՀՀ-ի համար կարող է չափազանց վտանգավոր լինել` հաշվի առնելով  ՀՀ շահերը տարածաշրջանում: Այս համաձայնագիրը նաեւ հնարավորություն է տալիս ՌԴ-ին գործուն ազդեցություն ունենալ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վրա»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցությունը կարծում է. «Իսկ այն սին մոտեցումները, թե այս համաձայնագրով կչեզոքացվի ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ, չի դիմանում որեւէ քննության, քանզի  ՀՀ-ն եւ ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ-երկրներ արդեն իսկ նման պարտավորություններ ունեն թե՛ միմյանց եւ թե՛ մյուս անդամ-պետությունների նկատմամբ, որի կենսագործումը, սակայն, մենք չենք տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից ծանր զրահատեխնիկայով խոցվել է ՀՀ պետական սահմանը: Ավելին՝ այսօր էլ Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին եւ Թուրքիայի ռուսական արտադրության վերջին սերնդի հարձակողական զինտեխնիկայով»:

Անդրադառնալով վերոնշյալ մյուս համաձայնագրին, կուսակցությունը նշում է. «Այս համաձայնագրով Ռուսաստանն օրենքի ուժով իրավունք է ստանում միջամտելու եւ վերահսկողություն սահմանելու այդ ռազմամթերքի աշխարհագրական տեղաբաշխման եւ կիրառելիության նկատմամբ։

Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ-ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ-ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին եւ թե՛ նպատակային կիրառելիությանը։ Նման վերահսկողության առկայությունն էապես կարող է թուլացնել ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության ապահովումը։

Ազատ դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, վերոնշյալ համաձայնագրերը սահմանափակում են ՀՀ-ի քաղաքական եւ ռազմական կարողությունների իրացումը։ Գաղտնիք չէ, որ գտնվելով անվտանգության առումով վտանգավոր եւ փխրուն  տարածաշրջանում, ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, ՀՀ-ն պետք է փորձի գտնել այդ մարտահրավերները չեզոքացնելու ամենառացիոնալ ճանապարհը, որը, մեր համոզմամբ՝ ՀՀ քաղաքական եւ ռազմական կարողությունների իրացման դիվերսիֆիկացիան է»: