ճիշտ կազմակերպելու դեպքում մենք կարող ենք տուրիզմի ոլորտում շատ մեծ թռիչք ապահովել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, շատ հեռանկարային է զբոսաշրջության ոլորտը. «Իտալիան այն երկրներից է, որ մեկ շնչին ընկնող զբոսաշրջիկների քանակով զբաղեցնում է առաջատար տեղ: Այսինքն՝ այդ ինդուստրիան Իտալիայում շատ զարգացած է: Մենք կարող ենք նրանց ձեռքբերումներից, նրանց փորձից օգտվել: Անպայման, պետք է հաշվի առնենք, որ եւ՛ հայերը, եւ՛ իտալացիները մեծ հպարտությամբ են խոսում իրենց պատմամշակութային ժառանգության մասին, եւ իտալացիները մի ժողովուրդ են, որ գնահատում են այդպիսի ժառանգությունը: Ուստի, ճիշտ կազմակերպելու պարագայում, մենք կարող ենք այստեղ շատ մեծ թռիչք ապահովել, հատկապես, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20-ից ավելի տոկոսով:

Մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որի զարգացումը պահանջում է համալիր մոտեցում: Քիչ է միայն երկիրը հանրաճանաչ դարձնելը, քիչ է միայն ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Աշխարհում հիմա տուրիստական հոսքերը շատ հստակ կառավարվում են, եւ իտալացիներն այն գործարարներից են, ովքեր այդ կառավարման մեջ ունեն մեծ դերակատարություն: Այսինքն՝ պետք է համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ տանենք»,-ասել է Հանրապետության նախագահը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ: