Toyota ընկերությունը ներկայացրել է Tj Cruiser կոչվող կոնցեպտը՝ կազմված Toolbox (գործիքների արկղ) եւ joy (հաճույք) բառերի առաջին տառերից։ Ինչպես նշում են ավտոարտադրողի ներկայացուցիչները, սա «նոր ժանրի» մեքենա է, որի մեջ համադրված են բեռնատարի ընդարձակությունը եւ ամենագնացի ագրեսիվությունը, հաղորդում է  Motor-ը։

Նորույթի ընդհանուր երկարությունը կազմում է 4300 միլիմետր, լայնությունը՝ 1775, բարձրությունը՝ 1620, իսկ անվադողի բազայի չափը հասնում է 2750 միլիմետրի։ «Քրոսվենը» RAV4-ից ավելի փոքր է ստացվել (30 սանտիմետրով կարճ)՝ իր չափերով ավելի մոտենալով, օրինակ, Renault Duster-ին (նրա երկարությունը 4315 միլիմետր է) եւ Hyundai Creta-ին (4270 միլիմետր)։

Tj Cruiser-ի կապոտը, ծածկը եւ կողմնային մասերը ծածկված են հատուկ նյութով, որը պաշտպանում է այն քերծվածքներից եւ թեթեւ վնասվածքներից։ Մեքենայի սրահը չորստեղանի է։ Ընդ որում, հետեւի նստատեղերը եւ դիմացի ուղեւորի նստատեղը կարելի է հավասարեցնել հատակին։ Այդ դեպքում հնարավոր կլինի մեքենայով տեղափոխել մինչեւ 3 մետր երկարությամբ առարկաներ, օրինակ՝ սերֆինգի տախտակ։