ԻՊ ահաբեկչական խմբավորման կործանումով նրա տեղը կարող է զբաղեցնել «Ջաբհաթ ան Նուսրան», որն, ըստ երեւույթին, այս պահին «թաքնվում» է իրենով հետաքրքրված կողմերից։ «ՌԻԱ Նովոստիին» այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների վարչության պետի տեղակալ Վլադիմիր Անդրեեւը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «շարունակում է համաշխարհային հանրությանը կոչ անել միավորվելու միասնական հակաահաբեկչական ճակատում՝ միջազգային իրավունքի ամուր հիմքերի, ՄԱԿ կանոնադրության հիման վրա եւ այն պետությունների համաձայնությամբ, որոնց տարածքում այդ պայքարն ընթանում է»։

«Ցավոք, մինչ այժմ, ներկա հանգամանքների պայմաններում, մի շարք այլ պետությունների՝ արեւմտյան պետությունների համար կան այլ պահանջներ՝ ապահովել իրենց առավելությունը, դոմինանտությունը, վերահսկողությունն ինչ-որ մի բանի նկատմամբ։ Ահաբեկչական ինչ-ոչ մի խմբավորում՝ «Ջաբհաթ ան Նուսրան», ինչպես էլ այն կոչվի, կարծես թաքնվում է այն պատճառով, որպեսզի հետո, գուցե երբ չափազանց հեռուն գնացած ԻՊ–ն ամեն դեպքում վերացված կլինի եւ այդ բրենդը կվերանա, «Ալ Կաիդան» «Ան Նուսրայի» անունից կվերադառնա առաջին դիրքեր»,-ասել է Անդրեեւը։