Համատեղ նախաձեռնությունների իրականացումը մեծանում է ԵՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մանտուովը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երեւանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը եւ քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին: Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան եւ հայկական արդյունաբերողների միջեւ փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը եւ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաեւ ԵՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ: