Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հարցաքննվեցին Երեւանի պետական համալսարանի 18-ամյա ուսանողի աղմկահարույց սպանության գործով վկաները:

Առաջինը հարցաքննվեց սպանված Վահե Մուրադյանի եւ վիրավորված Րաֆֆի Մարտիրոսյանի մտերիմ ընկեր, ամբաստանյալ Կարեն Չատիկյանի համակուրսեցի Լիլիթ Կետիկյանը: Նա պատմեց, որ 2016թ. դեկտեմբերի 28-ին համալսարանում հանդիպել են Վահե Մուրադյանի եւ Րաֆֆի Մարտիրոսյանի հետ, վերջինն էլ հայտնել է, թե նվեր քարտ ունի, ցանկանում է վաճառել:

«Րաֆֆին հարցրեց, թե ծանոթներիցս ո՞վ կուզի նվեր քարտն առնել, ես «դոդիկ» բառը չեմ լսել, իմացել այդ մասին, երբ հունվարի 11-ին ինձ ու Հասմիկ Պետրոսյանին մոտեցավ Կարեն Չատիկյանն ու ասաց, որ տանք «դոդիկ» ասածի հեռախոսի համարը: Բայց մենք ոչ մի համար չտվեցինք, Կարենն էլ չասաց, թե ում նկատի ուներ, Կարենը մեզ ասաց՝ լավ, կզանգեմ Վահեին ու մեր մոտից հեռացավ»,- պատմեց Լիլիթ Կետիկյանը:

Այնուհետեւ դատարանում հարցաքննվեց Կարեն Չատիկյանի մտերիմ ընկեր Քաջիկ Հակոբյանը, որը մասնակցել է նաեւ դանակահարությանը նախորդած վիճաբանությանը: Վկան պատմեց, որ «դոդիկի» խոսակցության մասին տեղեկացել է դեպքի նախորդող օրը՝ հունվարի 10-ին իրենց ընդհանուր ընկեր Լեւոն Մուրադյանից:

«Հաջորդ օրը դասի էինք գնում, Կարենն ասաց, որ պիտի գնանք էդ տղաների տեսնենք, հետո գնացինք այնտեղ՝ ես, Կարենն ու Գեւորգ Տերտերյանը, Վահեն ու Րաֆֆին մոտեցան մեզ, ասացին՝ գնանք «բեսեդկայում» խոսելու: Գնացինք այնտեղ, բայց ես խոսակցությունը չեմ լսել ընդհանրապես, մտածում էի մենակ՝ շուտ պրծնի, գնանք տուն: Խոսակցության ընթացքում ձայները բարձրացրին, մի տղա եկավ դեպի ինձ, մենք միասին դուրս եկանք տաղավարից, հետո նկատեցի, որ տաղավարում իրար խփում էին, անծանոթ մի տղա ու Կարենն իրար խփում էին, իրար վրա լցված էին էլի.. մի քանի րոպե էլ չէր անցել, որ տեսա՝ Կարենն ու Գեւորգը վազելով հեռանում են, ես էլ նրանց հետեւից վազեցի, էդ ընթացքում լսեցի, որ Կարենն ասաց՝ «Ինչ-որ մեկին դանակով խփել եմ ոտքին»»,- դատարանում պատմեց վկան:

Ըստ Քաջիկ Հակոբյանի՝ տաղավարում խոսակցությունը ծավալվել է Կարեն Չատիկյանի եւ Վահե Մուրադյանի հետ եկած Անրիի միջեւ: Հետաքրքիր է, որ նախաքննական ցուցմունքում Քաջիկը պատմել էր, թե խոսակցությունը եղել է Կարեն Չատիկյանի եւ Րաֆֆի Մարտիրոսյանի միջեւ:

«Ուշադիր չեմ եղել, բայց եւ Անրին էր խոսում, եւ Րաֆֆին, հիմա լավ չեմ հիշում, խոսակցություններն էլ չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ Կարենը սկզբում հարցրեց, թե ինչի եք «դոդիկ» ասել»,- հայտարարեց վկան դատարանում:

Դատարանում ցուցմունք տված Լեւոն Մուրադյանն էլ պատմեց, թե ինքն անձամբ է լսել «դոդիկի» մասին խոսակցությունն ու ավելի ուշ այդ մասին պատմել Քաջիկ Հակոբյանին:

«Դեկտեմբերի 28-ին որ քննությունից դուրս եկանք, ճանապարհին հանդիպեցինք Լիլիթ Կետիկյանի եւ Հասմիկ Պետրոսյանի դասընկերներին՝ Վահեին ու Րաֆֆիին: Րաֆֆին մեզ ասաց, որ նվեր քարտ է ստացել, բայց ուզում է ծախել ու ինձ եւ Լիլիթին առաջարկեց 5 հազար դրամով գնել, մենք չուզեցինք, դրանից հետո Րաֆֆին Հասմիկին ասաց՝ ձեր խմբի «դոդիկներին» առաջարկի, Հասմիկն էլ պտտվեց դեպի ինձ ու կեսկատակ- կեսլուրջ ինձ ասաց, թե Քաջիկին առաջարկի: Ես այդ խոսակցությանը լուրջ չեմ վերաբերել, ուղղակի որ հունվարի 10-ին հավաքվել էինք ու քեֆի համար պայմանավորվում էինք, առաջարկ եղավ աղջիկների փոխարեն վճարելու, ես պատմեցի տղաներին, թե ինչ է ասել Հասմիկը ու ես նրա փոխարեն հաստատ չեմ վճարի»,- հայտնեց վկան:

Կարեն Չատիկյանի եւ Քաջիկ Հակոբյանի մտերիմ ընկեր Լեւոն Մուրադյանի պատմելով՝ հունվարի 11-ին ինքն ու Էդուարդ Գոմցյանը նույնպես Կարենի, Քաջիկի եւ Գեւորգի հետ ցանկացել են գնալ տաղավար, սակայն Կարենն իրենց թույլ չի տվել:

«Մինչեւ հանդիպման գնալը ես Կարենի մոտ դանակ տեսա, խնդրեցի, որ մոտս թողնի, բայց ինքը չհամաձայնվեց, ասաց, որ լուրջ բան չի, մի երկու րոպեանոց խոսակցություն ա լինելու, հետո տուն են գնալու: Ճանապարհին էլ արդեն Կարենն ինձ ու Էդուարդին ասաց, որ չգնանք իրենց հետ, որովհետեւ իմաստ չունի շատով գնալու: Էդպես մենք սպասեցինք նրանց ճամփին, 30 րոպե էր անցել, հետ չէին եկել, զանգեցի էլ, չպատասխանեցին, քայլեցինք դեպի տաղավարի կողմը, մտանք դալանին ու տեսանք, որ Կարենենք վազելով գալիս են դեպի մեզ: Որ հասան մեզ, ես լսեցի՝ ինչպես Գեւորգը Կարենին ասաց. «Այ անասուն, էս ի՞նչ արիր», դրանից հետո Կարենն ու Գեւորգը գնացինք մի ուղղությամբ, մենք երեքս էլ տաքսի նստեցինք ու տուն գնացինք»,- պատմեց Լեւոն Մուրադյանը:

Դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում գրել էր, թե Գեւորգ Տերտերյանի հարցին ի պատասխան՝ Կարեն Չատիկյանն ասել է. «Դանակով եմ խփել»: Թե ինչու այդ մասին դատարանում չհայտարարեց, Լեւոն Մուրադյանը նշեց, որ այդ պահը մոռացել էր:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 9-ին: Հաջորդ նիստում շարունակվելու են վկաների հարցաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով Ռ. Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վ. Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 113-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նշենք, որ եւ Կարենը, եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ էին: