Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մտադիր է Իրաք այցելել՝ կապված սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«(Իրաքի վարչապետ Հայդեր) ալ Աբադին նման հրավեր է ուղարկել: Հիմա մենք գործընկերներով օրակարգ ենք մշակում եւ որոշում հնարավոր այցի ժամկետը: Սա կարեւոր այց է, ուստի անհրաժեշտ է լավ նախապատրաստվել: Հիմա տարածաշրջանում լարված է, Հյուսիսային Իրաքում ապօրինի հանրաքվե է անցկացվել, անհրաժեշտ է այն քննարկել»,- Անկարայում լրագրողներին ասել է Յըլդըրըմը:

Նա հավելել է, որ Հյուսիսային Իրաքի հետ ավիահաղորդակցության դադարեցումից բացի, Անկարան ծրագրել է հանրաքվեի հետ կապված այլ պատժամիջոցներ էլ սահմանել:

«Մենք թռիչքները դադարեցրել ենք: Աստիճանաբար այլ պատժամիջոցներ էլ կսահմանվեն: Սա ազգային անվտանգության հարց է: Մեր զինվորականները Բաշիքի ռազմական ճամբարում են ԻՊ-ի դեմ պայքարին պատրաստվելու համար: կարծում եմ, որ մեր միջեւ խնդիրներ չեն առաջանա Բաշիքի ճամբարի պատճառով: Այցի շրջանակում, հնարավոր է, քննարկվի մեր երկների միջեւ համընդգրկուն տնտեսական եւ ռազմական համագործակցությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը: