Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները առգրավել են անօրինական ճանապարհով Վրաստան ներկրված ադամանդների և ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Խոսքը երկու դեպքի մասին է, որոնք տեղի են ունեցել հայ-վրացական սահմանի «Սադախլո» և Վրաստանի ու Թուրքիայի «Սարփի» սահմանային անցակետերում։

Հայաստանից Վրաստան  են փորձել տեղափոխել ավելի քան 870 ադամանդ, որոնք հայտարարագրված չեն եղել։ Հետաքննությունը հաստատում է, որ մեղադրյալը փորձել է մաքսանենգ ապրանքը սահմանով անցկացնել մեքենայի հատուկ թաքստոցի մեջ։

«Սարփի» անցակետում առգրավվել են  900 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր։ Դրա հետ կապված հետախուզական ծառայության աշխատակիցները ձերբակալել են ևս երկու մարդու։

Անօրինական ճանապարհով տեղափոխվող ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 61 հազար լարի (25 հազար դոլար)։

Հարուցվել է քրեական գործ  «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտման» հոդվածով, որը սահմանում է տուգանք կամ 3-5 տարի ժամկետով ազատազրկում։