2017 թվականի օգոստոսին գրանցվել է 0.4 տոկոս գնանկում՝ գրեթե նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի չափ, ինչի հետեւանքով 12-ամսյա գնաճը պահպանվել է նախորդ ամսվա մակարդակին՝ օգոստոսի վերջին կազմելով 0.9%: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի սեպտեմբերի 26-ի նիստում:

ԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բնականոն գնաճը շարունակել է աճել եւ ԿԲ ակնկալիքներին համահունչ կազմել է 1.5%, այն դեպքում, երբ սեզոնային գյուղմթերքների գների աճի տեմպերի զգալի դանդաղումը որոշ չափով զսպել է ընդհանուր գնաճի սպասվող վերականգնումը:

Ընդ որում, օգոստոսին բնականոն գնաճի կառուցվածքում զգալի աճ է արձանագրվել կարագի (4.2%), մսամթերքի (0.3%), բենզինի (0.8%), հագուստի (5.2%) եւ կոշիկի (6.4%) գծով:

Նշենք նաեւ, որ վերջին ամիսներին կարագի միջազգային շուկայում դիտվել է կտրուկ թանկացում՝ պայմանավորված պահանջարկի շարունակական աճի պարագայում առաջարկի կարճաժամկետ խնդիրներով: Միեւնույն ժամանակ, պայմանավորված զարգացող երկրներում ներդրումային ակտիվության վերականգնմամբ՝ ձեւավորվել են պղնձի հանդեպ պահանջարկի աճի սպասումներ, որի ներքո այդ շուկայում գրանցվել է գնի համեմատաբար բարձր աճ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց, որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն եւ նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ: