Իսպանիայի կառավարությունը ուրբաթօրյա նիստի ժամանակ օրենք է ընդունել, որով դյուրացվում է Կատալոնիայից Իսպանիայի այլ շրջաններ իրավաբանական հասցեի տեղափոխումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքով պարզեցվում է իրավաբանական հասցեն փոխելը՝ այսուհետեւ դա կարող է անել տնօրենների խորհուրդը, առանց բաժնետերերի ժողով անցկացնելու, նույնիսկ եթե ընկերությունների կանոնադրությամբ այլ բան է գրված:

«Մենք կոչ ենք անում (ժեներալիտետի ղեկավար Կարլես) Պուչդեմոնին օրենքի հուն վերադառնալ»,- ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի նախարար Ինյիգո Մենդես դե Վիգոն: Նրա խոսքով՝ դրանից հետո գուցե եւ երկխոսություն սկսվի:

Այս օրենքը կօգնի դյուրացնլ Իսպանիայի խոշորագույն բանկերից մեկի՝ CaixaBank-ի իրավաբանական հասցեն փոխելը, որի բաժնետերերի ժողովը նախատեսված է ուրբաթ: Նոր հաշվառման վայր կարող է դառնալ Պալմա դե Մայորկան:

Հինգշաբթի որոշել էր իր իրավաբանական հասցեն Կատալոնիայից Ալիկանտե տեղափոխել մեկ այլ խոշոր բանկ՝ Sabadell-ը:

Ավելի վաղ կենտրոնակայանը Բարսելոնից Մադրիդ տեղափոխելու մասին էին հայտարարել բիոդեղագործական Oryzon ընկերությունը եւ հեռահաղորդակցության Eurona ընկերությունը: