2017թ-ի առաջին կիսամյակը բնութագրվել է բավականի բարձր տնտեսական ակտիվությամբ (տնտեսական աճը կազմել է 6%), ինչը շարունակվել է նաեւ երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի նիստում:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դա առավելապես չեզոքացրել է տնտեսության մյուս ճյուղերում դիտված նվազումների ազդեցությունը, որից ելնելով էլ ԿԲ-ն երրորդ եռամսյակում սպասում է կանխատեսվածից փոքր-ինչ բարձր տնտեսական աճ:

Միեւնույն ժամանակ արձանագրվեց, որ այս եռամսյակ ներքին պահանջարկի վերականգնումն ընթացել է սպասվածից արագ տեմպերով, ինչին, նախկինում իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունից զատ, նպաստել է կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը:

Նշենք, որ ներքին պահանջարկի արագ վերականգնումն արտահայտվել է տնտեսության վարկավորման (օգոստոսը՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 10.0%), ներմուծման աճի (իրական 14.6%) եւ բնականոն գնաճի (1.5%) արձանագրված տեմպերում: Պահանջարկի եւ տնտեսական աճի տարեկան ցուցանիշների մասով ռիսկերը թեքվում են ավելի բարձր լինելու ուղղությամբ: