Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է  «Samsung»  ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն   աշխատանքներ է տանում տեսադասերի կազմակերպման մեթոդական մոտեցումների ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գյուղական դպրոցներում կրթության որակի ապահովման անհրաժեշտության, աշակերտներին սովորելու հավասար հնարավորությունների ապահովման համատեքստում՝ Լեւոն Մկրտչյանը կարեւորել է  հեռավար եւ էլեկտրոնային կրթության զարգացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ:

Այդ առումով, ԿԳ նախարարը բարձր է գնահատել «Samsung» -ի նման միջազգային կորպորացիայի հետ  համագործակցության հնարավորությունը:

Իր հերթին «Samsung»-ի փոխնախագահ Սիկ Չոյը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությանը՝ իրենց կորպորացիայի կողմից մշակված պլանշետների էլեկտրոնային կրթական բովանդակության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլեր իրականացնելու հեռանկարի հետ կապված մի շարք հարցեր: