Չնայած վերջին շրջանում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանմանը, շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները շարունակել են նվազել՝ պայմանավորված բանկային համակարգում առկա ավելցուկային իրացվելիության բարձր մակարդակով: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի նիստում:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրավիճակային հաշվետվության եւ արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է եւ կանխատեսվող սցենարով դեռեւս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետեւանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Միեւնույն ժամանակ, տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: