Փաստաբանների պալատի խորհրդի նիստում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, շարունակվել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթի քննարկումը:

Փաստաբանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն: Վերջինները հայտնել են, թե Արթուր Սարգսյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր եւ իր փաստաբանի հարաբերություններին եւ իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։

Երեկ նիստի մեկնարկին փաստաբան Տիգրան Եգորյանը խնդրեց Խորհրդի անդամներից Հարություն Հարությունյանին ինքնաբացարկ հայտնել: Հիշեցնենք, որ «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի նախկին տնօրեն Անի Կաղինյանը դեռեւս օգոստոսին Փաստաբանների պալատի խորհրդին ուղարկած իր բացատրության մեջ նշել էր, թե Արուսյակ Հայրապետյանի պատմելով՝ Փաստաբանների պալատի կողմից իբրեւ հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը

Հենց այս հիմքով էլ Տիգրան Եգորյանը Հարությունյանին առաջարկեց ինքնաբացարկ հայտնել: Չնայած Հարություն Հարությունյանը պնդում էր, որ ինքն այդ հիմնադրամի հետ որեւէ առնչություն չունի, այնուամենայնիվ, ինքնաբացարկ հայտնեց: Նշենք, որ Անի Կաղինյանն իր բացատրության մեջ հայտնել էր նաեւ, որ Տիգրան Եգորյանի կարգապահական վարույթի հարցում Արուսյակին ու Թեհմինեին փաստաբանական խորհրդատվություն են տվել փաստաբաններ Մարտուն Փանոսյանն ու Հրանտ Անանյանը: Ի դեպ, նրանք Հարություն Հարությունյանի մտերիմ ընկերներն են:

Հարությունյանի ինքնաբացարկից հետո խորհրդի անդամները հարցեր ուղղեցին Տիգրան Եգորյանին: Չնայած խորհրդի անդամները դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն, Կարեն Մեժլումյանն այնուամենայնիվ կարծիք հայտնեց, ապա «հիշեց»՝ դա անելու իրավունք ինքը չուներ:

«Գործի նյութերից բխում է, որ դուք բացի դատարանից այլ մարմնի չեք դիմել»,- հայտարարեց Կարեն Մեժլումյանը:

Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց. «Դա Ձեր դիրքորոշո՞ւմն է», ինչից հետո միայն Կարեն Մեժլումյանը «խոստովանեց»՝ բխում բառը վրիպակ էր:

«Պարոն Մեժլումյան, մենք մեր բոլոր գործողությունների վերաբերյալ, որոնց մասին խոսելն անհրաժեշտ ենք համարել, ներկայացրել ենք: Նախորդ նիստերին ես ներկայացրել եմ, թե որտեղ եմ Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացրել»,- ասաց Եգորյանը՝ կրկին հորդորելով չհարցնել այն մասին, ինչը նախորդ նիստերին ինքն արդեն ներկայացրել է:

Կարեն Մեժլումյանից հետո որոշեց դիրքորոշում հայտնել նաեւ խորհրդի անդամ Նելլի Հարությունյանը: Նա հայտարարեց, թե գործի նյութերից բխում է՝ Տիգրան Եգորյանը որեւէ այլ մարմնի չի դիմել, բացի դատարանից:

«Դա Ձեր դիրքորոշո՞ւմն է, որովհետեւ Դուք դիրքորոշում հայտնելու իրավունք ունեք միայն խորհրդակցական սենյակում»,- կրկին հետաքրքրվեց Տիգրան Եգորյանը:

Նելլի Հարությունյանը որեւէ հստակ պատասխան չտվեց: Խորհրդի մյուս անդամ Սիմոն Բաբայանը Եգորյանի հետ համաձայնվեց:

«Պարոն Եգորյան, հնարավոր է՝ Խորհրդի անդամի դիրքորոշումն ընթացքում փոխվի, կարող է նաեւ խորհրդակցական սենյակում էլ փոխվել»,- ասաց Սիմոն Բաբայանը՝ ըստ երեւույթին հաստատելով, որ Նելլի Հարությունյանը դիրքորոշում է հայտնել:

Դրանից հետո Տիգրան Եգորյանն ու իր պաշտպանները որոշեցին ներկայացնել բացարկի հիմքերը:

«Առնվազն երկու անձ այս սեղանի շուրջ նստած համոզված է, որ Դուք դիրքորոշում եք հայտնել, որի իրավունքը չունեիք: Տիկին Հարությունյան, մասնագիտական գործունեության ի՞նչ փորձ ունեք, մասնավորապես քրեական: Ես տեղեկություն ունեմ, որ Դուք փորձ չունեք, Դուք ընդհանրապես չեք պատկերացնում քրեադատավարական գործընթացները»,- Նելլի Հարությունյանին դիմեց Տիգրան Եգորյանը:

Հարությունյանը հարցն անպատասխան թողեց, ապա նիստը վարող Կարեն Մեժլումյանին հորդորեց թույլ չտալ բանավոր ներկայացնել բացարկի միջնորդությունը: Նշենք, որ բացարկի միջնորդությունը պետք է ներկայացնել գրավոր:

«Ինչո՞ւ հենց սկզբից չասացիք, որ չեմ կարող բանավոր ներկայացնել միջնորդությունս, հենց Խորհրդի անդամը նեղացավ, այդ ժամանակ եք նման պահանջ ներկայացնում»,- ասաց Տիգրոն Եգորյանը:

Կարեն Մեժլումյանը որոշեց 10 րոպե ժամանակ տալ Եգորյանին ու նրա պաշտպաններին՝ բացարկի միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար: Երբ ընդմիջումից հետո ցանկացան նիստը շարունակել, պարզվեց՝ Խորհրդի անդամներից Տիգրան Խուրշուդյանը ներկա չէ: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 10-ին:

Ի դեպ, նիստին ներկա անդամներից քննարկմանը, կարելի է ասել, մասնակցում էին միայն Կարեն Մեժլումյանն ու Նելլի Հարությունյանը, Սիմոն Բաբայանն ու Տիգրան Խուրշուդյանն ընդամենը մեկ կամ երկու անգամ «փորձեցին մասնակցել» քննարկմանը, իսկ Կարեն Սարդարյանն ու Տարոն Սիմոնյանը նիստին «ներկա էին միայն ֆիզիկապես»՝ լռություն պահպանելով ավելի քան երկու ժամ տեւած քննարկման ընթացքում:

Հիշեցնենք, որ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի դիմումի վերաբերյալ Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը մամուլով եւ սոցցանցերում բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ հիմնադրամի տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ վնասում են իրենց բարի համբավը։ Փաստաբանները մանրամասն ներկայացրել են, թե ինչ գործողություններ են իրականացրել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար։