Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ վարչապետը նշել է, որ պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, եւ անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի եւ դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջեւ համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը կարեւորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձեւաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:

Անդրադառնալով հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝ մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության, մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության ոլորտները, ինչպես նաեւ անդրադարձել է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ եւ միեւնույն ժամանակ կարեւորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:

Քննարկելով ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները՝ Կարեն Կարապետյանը եւ Դենիս Մանտուրովը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ մուտք գործելու հարթակի հնարավորությունների շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մեծածավալ աշխատանք կա անելու եւ պետք է հետեւողականորեն շարունակել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը: