Ճապոնիայում արդյունաբերական նավի նավաբեկության հետեւանքով 13 չինացի նավաստի է զոհվել։ «Սինհուան» հայտնել է, որ ուրբաթ ցերեկը հայտնաբերվել են չինական արդյունաբերական նավի անհետ կորած բոլոր 12 նավաստիների մարմինները։ Բացի այդ՝ փրկված չորս նավաստիներից մեկը մահացել է, երբ նրան փորձում էին փրկել։ 

Հիմա զոհված նավաստիների մարմինները չինական նավի վրա են գտնվում , նրանց անձերը դեռ պարզված չեն։ Օսակայում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը նշել է, որ իրենց աշխատախումբը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան չինական արդյունաբերական նավը բախվել է «Սյանգան» տանկերին բաց ծովում՝ ճապոնական Օկի կղզիներից 400 կմ հյուսիս ։ 16 նավաստիներից չորսին փրկել է մոտակայքում գտնվող չինական նավը, եւս 12 նավաստի անհետ կորել էր։