Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է անկախացման մասին հանրաքվեի վերջնական արդյունքները՝ «կողմ» է քվեարկել ավելի քան երկու միլիոն մարդ, ինչը կազմում է քվեարկածների 90․18 տոկոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մասնակցությունը կազմել է 43․03 տոկոս, ընդամենը քվեարկությանը մասնակցել է 2 միլիոն 286 հազար 217 մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5․3 միլիոնից։ Նրանցից անկախացմանը կողմ է քվեարկել 90․18 տոկոսը, դեմ՝ 7․83 տոկոսը։ Քվեատուփի մեջ դատարկ քվեաթերթիկներ է գցել հանրաքվեի մասնակիցների 1․98 տոկոսը։

Հիմա Կատալոնիայի խորհրդարանը ծրագրում է քննարկել քվեարկության արդյունքները։ Նիստը մինչ այդ նշանակված է եղել հոկտեմբերի 9-ին, սակայն Կարլես Պուչդեմոնը, որը պետք է ներկայացներ հանրաքվեի արդյունքները, խնդրել է հետաձգել իր ելույթը մինչեւ երեքշաբթի։ Նիստի անցկացման օրն առայժմ որոշված չէ։