Իշխող Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրություններում գրեթե բոլոր համայնքներում թեկնածու է առաջադրել, ԲՀԿ–ն եւ ՀՅԴ–ն՝ մի քանի համայնքում, ընդդիմադիր «Ելք» դաշինքը դեռեւս ոչ մի թեկնածու չի առաջադրել։ Այսպիսով միմյանց դեմ են պայքարելու ՀՀԿ–ի եւ ԲՀԿ–ի թեկնածուները Շիրակի մարզի Անի համայնքում։ Այստեղ համայնքապետի պաշտոնի համար այսօրվա տվյալներով կպայքարի յոթ թեկնածու։ ԲՀԿ–ից առաջադրվել է Հակոբ Աղաբեկյանը, ՀՀԿ–ից երկու թեկնածու՝ Մարալիկի թիվ 2–րդ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Բուլոյանը եւ Արտակ Գեւորգյանցը։ Վերջինս ՀՀԿ–ի առաջադրած թեկնածուն է։ Առաջադրվել է եւս երեք անկուսակցական թեկնածու՝ Հրաչյա Աճեմյանը, Աղասի Առաքելյանը, Ռուստամ Բալաբեկյանը եւ Հովիկ Պողոսյանը։

Վայոց Ձորի Արենի համայնքում ԲՀԿ–ից առաջադրվել է Ռազմիկ Վարդանյանը, որը նախկինում Արփի համայնքի ղեկավարն է եղել։ ՀՀԿ–ն առաջադրել է Հուսիկ Սահակյանին, որը նախկինում Ռինդ համայնքի ղեկավարն է եղել։ Համայնքի ղեկավար, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանն ինքնառաջադրվել է։

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ԲՀԿ–ն առաջադրել է գործող համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանի թեկնածությունը։ Այստեղ ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Սեյրան Թադեւոսյանը։ Կոտայքի Ակունք համայնքում ԲՀԿ–ի թեկնածուն կպայքարի անկուսակցական թեկնածուի դեմ, այստեղ ՀՀԿ–ն թեկնածու չունի։ ԲՀԿ–ն առաջադրել է գործող համայնքապետ Հունան Ռուբենյանի թեկնածությունը, նրա մրցակիցն է անկուսակցական, ինքնառաջադրված թեկնածու Սամվել Սամսոնյանը։

Արդեն գրել ենք, որ նոյեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային քաղաքներում՝ Արտաշատում, Արարատում ԲՀԿ–ն թեկնածու չի առաջադրել։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւս զերծ է մնացել ՀՀԿ–ի դեմ պայքարից, մինչդեռ նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ վստահեցնում էր, թե Արտաշատ քաղաքում թեկնածու են առաջադրելու։