Նոյեմբերի 5-ին Հայաստանի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նախանշված: Ուշադրության կենտրոնում են հատկապես Արարատի մարզի երկու քաղաքներ՝ Արտաշատն ու Արարատը: Ընտրություններին մասնակցելու հարցով խորհրդարանական ուժերից հստակ որոշում է կայացրել միայն ՀՀԿ-ն: Արարատում առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը եւ անկուսակցական Արտյոմ Պողոսյանը, իսկ Արտաշատում՝ քաղաքի ավագանու անդամ Կարեն Բենիամինյանը: Արարատի ընտրություններով կզբաղվի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Ալիկ Սարգսյանը, իսկ Արտաշատի ընտրություններով՝ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը: Իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն Արարատի մարզում իրեն հեղինակություն էր համարում, ՀՀԿ-ի դեմ ընտրապայքարի մեջ չի մտնի: Լուրեր կան, որ նա, 2018 թվականի փոփոխություններով պայմանավորված, իշխանության վերադառնալու հույսեր ունի: «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները դեռեւս պետք է քննարկեն, թե ինչ մակարդակով են մասնակցելու: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն երկու քաղաքի կապակցությամբ արդեն հստակ դիրքորորոշում ունի՝ չմասնակցելու մասով, սակայն դեռ չի հայտարարում: Իսկ «Ելք»-ը, ըստ լուրերի, երկմտում է մրցունակ թեկնածուների բացակայության պատճառով: Արտաշատում դաշինքն ընտրություններին չի մասնակցի, իսկ Արարատում, հնարավոր է, քննարկեն Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունից թեկնածու առաջադրելու հարցը: Այստեղ կփորձեն հիմնվել Արամ Սարգսյանի հեղինակության վրա:

Երկար ժամանակ շրջանառվող լուրերը, կարծես, իրական երանգ են ստանում: Հայաստանի կառավարությունը որոշել է զբաղվել աջ ղեկով ավտոմեքենաների խնդրով: Հետաքրքիր է, որ նախաձեռնության հեղինակը Ճանապարհային ոստիկանությունը չէ, որը կոչված է ապահովելու ճանապարհների անվտանգությունը, այլ կառավարությունը: Տրանսպորտի նախարարն այս շաբաթ խորհրդարանում հայտարարեց, որ գործադիրը պատրաստվում է որոշում կայացնել այդ հարցով: Նախ կհաշվարկեն, թե քանի տոկոս են կազմում աջ ղեկով մեքենաները, որքանով են խանգարում ձախ ղեկով մեքենա վարող վարորդներին, որքան հաճախ են վթարի պատճառ դառնում: Սակայն միանգամից նշենք, որ նման վիճակագրություն պարզապես չկա: Բայց արդյունքում, հնարավոր է, աջ ղեկով մեքենաները մեր երկրում արգելվեն:

Բայց օրենքը հակառակ ուժ ունենալ չի կարող: Այսինքն՝ կարելի է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, իսկ ի՞նչ անել արդեն ներկրվածների հետ: Մեքենայի վերափոխումը ոչ միայն գումար արժե, այլեւ կարող է լուրջ վնաս հասցնել մեքենային: Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը պատրաստվում լուծել այս հարցը: Արգելելով մեքենայի օգտագործումը՝ իշխանությունները ստիպված են քաղաքացիների նյութական վնասը փոխհատուցել: Եթե զանգվածային դիմումներ լինեն դատարան, կառավարությունը, հավանաբար, ստիպված կլինի փոխհատուցել նաեւ բարոյական վնասի դիմաց: Մինչ այդ, խնդրով մտահոգ տարբեր շրջանակներ չեն բացառում, որ խոսքն ընդամենը ինչ-որ մեկի բիզնեսին զարկ տալու մասին է:

Իրավապահները պարզել են, թե ով է եղել Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսացողը: Ոստիկանության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ ապօրինի որսը 2007 թվականին Արմավիրում կատարել է 45-ամյա Յ.Պողոսյանը: Նշենք, որ սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարվածներից մեկը Շենավան համայնքի ղեկավարն է՝ 37-ամյա Արթուր Մկրտչյանը: Նա մեր թղթակցին ասել էր, որ թռչուններին ինքը չի որսացել, այլ միայն լուսանկարվել է:

ԵԽԽՎ նախագահ, ադրբեջանամետ գործիչ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: Twitter-ում նա գրել է, որ պաշտոնից հեռանում է անձնական պատճառներով: Իսկ Վեհաժողովի պատվիրակները ծրագրում էին Ագրամունտի հրաժարականի հարցով քվեարկություն անցկացնել աշնանային նստաշրջանում: Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ Ագրամունտը հրաժարական է տվել, քանի որ չի ցանկանում, որպեսզի իր կենսագրության մեջ նշվի, թե ԵԽԽՎ-ն անվստահություն է հայտնել իրեն:

Հայաստանի հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց: Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանի հավաքականին: Հայաստանի հավաքականի միակ գոլը 39-րդ րոպեին խփեց մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Լեհաստանի հավաքականում լավագույնը Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին էր: Լեւանդովսկին երեք գոլի հեղինակ դարձավ՝ 18, 25, 64-րդ րոպեներին: Խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեծ հուզմունքով եւ դժվարությամբ է պատասխանել հարցերին: Իր գլխավորած թիմի խաղը Պետրոսյանը խայտառակություն է որակել: Հավելենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին: Մեր ֆուտբոլիստները կհյուրընկալվեն E խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականին:

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը, իսկ եվրոն նորից էժանանում է: Հոկտեմբերի 6-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 8 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 625 դրամ:

Հոկտեմբերի 7-10-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն: