Ղրղզստանի վարչապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Թեմիր Ջումակադիրովը, նրա օգնականը եւ վարորդը զոհվել են ճանապարհային պատահարի հետեւանքով՝ բախվել են «Տոյոտա Լենդկրուզերը» եւ «ԿամԱԶ» բեռնատարը, «Ինտերֆաքսին» հայտնել են Ղրղզստանի կառավարությունից:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Բիշքեկ-Չալդովար մայրուղու 36-րդ կիլոմետրին: «Բախման հետեւանքով զոհվել են «Տոյոտայի» վարորդը եւ երկու ուղեւոր՝ փոխվարչապետ Թ. Ջումակադիրովը եւ նրա օգնական Նուրլան Ջանգիրչիեւը»,- ասել նա:

Ղրղզստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ փոխվարչապետը զոհվել է ավտոմեքենայի եւ «ԿԱՄազ»-ի ճակատային բախման հետեւանքով:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայումս փորձաքննություն է իրականացվում, որի արդյունքները հայտնի դառնալուն պես քրեական գործ կհարուցվի:

Փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը  կառավարությունում համակարգում էր անվտանգության հարցերը ու ղեկավարում էր հոկտեմբերի 15-ին նշանակված Ղրղզստանի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հանրապետական շտաբը: Նա փոխվարչապետ է նշանակվել օգոստոսի 26-ին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: