Հալեպի գործարանում, որը վերականգնել են գրոհայինների հեռանալուց հետո, սկսվել է քաաքացիական օբյեկտների համար արեւային մարտկոցներով ինքնավար էներգակայանքների արտադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Էլ Սաբիլի արդյունաբերական գոտում ձեռնարկության արտադրության գծով տնօրեն Մուհամմեդ Սահիմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սպառման շուկան ամբողջ Հալեպն է: Առաջին հերթին տեղադրում ենք սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում՝ դպրոցներ եւ բուժհաստատություններ»,- հստակեցրել է նա:

Հալեպում կառավարական զորքերի եւ ահաբեկչական խմբավորումների դիմակայությունը տեւել է 4 տարի, գրոհայինները քաղաքի վրա գրոհել են դեռեւս 2012 թվականից, որը Սիրիայի տնտեսական մայրաքաղաքն է համարվում, սակայն կարողացել են գրավել նրա տարածքի միայն 40 տոկոսը: Ըստ որում՝ քաղաքի ծայրամասերը, որտեղ գտնվում էին արդյունաբերական գոտիները, նրանց վերահսկողության ներքո էին:

«Մենք հազիվ ենք հասցրել սարքավորումների մի մասը հանել շենքից այն գրավելուց մի քանի ժամ առաջ: Սակայն աշխատանքը չենք դադարեցրել նույնիսկ պատերազմի ժամանակ: Կատարում էինք զինվորականների պատվերները, արեւային մարտկոցներ էինք տեղադրում հսկիչ անցակետերում: Հենց արդյունաբերական գոտին ազատագրեցին մենք վերադարձանք»,- նշել է Սահիմը:

Նրա խոսքով՝ Հալեպի 45 դպրոցներում արդեն արեւային մարտկոցներ են դրել: Հերթում են եւս 200 ուսումնական հաստատություններ: