«Ելք» դաշինքը այսօր խորհրդի նիստ է հրավիրելու նոյեմեբերի 5–ին հանրապետությունում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցի օրակարգով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։ Վերջինս նշել է, որ խորհրդի նիստից հետո հայտնի կլինի, թե որ համայնքներում դաշինքը թեկնածու կառաջադրի։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասել է, որ Արտաշատում նույնիսկ քաղաքական թեժ ժամանակներում որոշակի արդյունք արձանագրելը բավականին բարդ էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեին կուսակցական գրասենյակներ, հիմա առավել դժվար կլինի, ինչի պատճառով այստեղ թեկնածու առաջադրելը իմաստ չունի։

««Հանրապետություն» կուսակցությունը ունի բջիջ Արտաշատում, որի տեսակետը լսել ենք՝ ինչ մոտեցում ունեն, ասեմ, որ կոնկրետ Արտաշատի մեր բջիջն էլ կարծում է, որ մեր ունեցած պոտենցիալի պայմաններում բավարար շանսեր չկան»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Արարատի քաղաքապետի ընտրություններին, Արամ Սարգսյանն ասել է, որ թեկնածու ունեն, բայց մասնակցության հարցը հստակ չէ։

«Արարատում այս պահին «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքապետի թեկնածուի առումով այս փուլի համար մարդ ունի, որին կփորձենք առաջադրել, եթե իհարկե այդ անհատը ինքը ցանկություն ունենա»։ Նշենք, որ թեկնածուների առաջադրումները սկսկվել են, երեկվա դրությամբ «Ելք»–ը որեւէ համայնքում թեկնածու չուներ։