Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման եւ համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:

Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության եւ փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետեւողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով եւ նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հունով:

Մշտապես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի եւ գործընկերային բնույթ են կրում: Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ եւս կուղղվի դեպի մեր երկրների միջեւ կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցներում:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: