Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց Եվրոպական սպորտային փառատոնը (EUSportsFest)։ «Արարատ» գոլֆ ակումբում տալով փառատոնի մեկնարկը՝ Հայասատանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իրենց նպատակն է Հայաստանում նպաստել ակտիվ կենսակերպին, առաջին հերթին՝ ընտանեկան մարզաձեւերին։

«Եվրոպական մարզական փառատոնների շրջափուլը բացելու համար մենք այսօր կազմակերպել ենք ընտանեկան գոլֆի փառատոն։ Սպորտի եվրոպական օրերի միջոցով մենք կամուրջ ենք կառուցում Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջեւ։ Այս տարի ԵՄ կազմակերպած այս փառատոնին ավելի քան 15 մլն մարդ է մասնակցել»,- ասաց Սվիտալսկին։

Հիշեցնելով, որ գոլֆի հայրենիքը Շոտլանդիան է, ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանը գոլֆի համար շատ լավ վայր է իր եղանակով եւ բնությամբ։ «Թեպետ Հայաստանում գոլֆի մեկ դաշտ կա, բայց ես վստահ եմ, որ երկրի ու զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց՝ կբացվեն այլ դաշտեր։ Մեր նպատակն առողջ կենսակերպը խթանելն է, առաջին հերթին՝ ընտանիքների համար։ Մենք խրախուսում ենք, որ հայ ընտանիքները զբաղվեն սպորտով, ավելի շատ շարժվեն եւ վայելեն դա։

Հայաստանն ունի գեղեցիկ լանդշաֆտ ու բնություն գոլֆի համար։ Մենք՝ որպես ԵՄ, ուզում ենք, որ Հայաստանը զարգանա, եւ ավելի մեծ թվով գոլֆիստներ գան»,- ասաց Սվիտալսկին։